Անցած հանգստյան օրերը կարծես բավականին նշանակալից եղան աշխարհի համար:
Ինչպես երևում է, Ֆրանսիան շարունակում է Մերձավոր Արևելքում, Իրաքում, Վրաստանում սկսած մոդերատորի իր դերակատարությունը: Ղազախստան ժամանած Օլանդը շաբաթ-կիրակի բավականին հետաքրքիր պասաժ է ունեցել Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո աշխարհը մի քանի վայրկյան խոր շունչ քաշեց` ունկնդրելով Ֆրանսիայի նախագահի «ուղերձը», թե հաշտության որոշակի եզրեր են գտնվել ռուս-ուկրաինական հակամարտությունում:
Ըստ ամենայնի, հետ-առաջի, դանդաղ շտապելու քաղտեխնոլոգիան մշտապես կիրառող Արևմուտքը ձմռան շեմին փորձում է ձեռքը չխփել օրեր առաջ ուղերձով հանդես եկած Պուտինի «մախաթին» և ժամանակավոր նահանջի գնալ, որպեսզի Եվրոպան ձմռանը չսառչի` առանց ռուսական գազի, քանզի հանդիպումից «վայրկյաններ անց» հայտարարվեց, թե վերսկսվել է ՈՒկրաինայի գազի մատակարարումը, ու նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ:
Կպահպանվե՞ն այս ռեժիմները և որքա՞ն, այս պահին դժվար է ասելը, քանզի նույն Եվրոպան «մի ձեռքով»` Օլանդով, պայմանավորվում էր Պուտինի հետ, «մյուս ձեռքով»` Մերկելի միջոցով, բավականին կոշտ քննադատության ենթարկում Ռուսաստանին, և դա այն դեպքում, երբ Օլանդն «անձամբ» էր ներկայացրել Մերկելին Պուտինի հետ հանդիպման «դրական արդյունքները»:
Անցած հանգստյան օրերը մեզ համար ևս հետաքրքիր էին. Ադրբեջանը պատժել է հայկական ուղղաթիռը խոցող ադրբեջանցի… զինվորին:
Այս մասին հայտարարվեց ողջ աշխարհով մեկ: Չասվեց, սակայն, ով է նա, և պատժի ի՞նչ տեսակ է կիրառվել նրա նկատմամբ:
Տարընթերցում, անշուշտ, կա: Նախ, որ տեղյակ ենք` մինչ այդ «զինվորը» պարգևատրվել է դրա համար, ինչպես կացնավոր Սաֆարովը:
Եվ հետո, ի՞նչ կա Ալիևի մտքին, ինչո՞ւ է նման «լուր» տարածվել, ինչը, ի դեպ, չենք բացառում, ինչ-որ պահի կարող է ժխտվել:
Նույն օրերին «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի ձերբակալած Ալիևը դժվար թե թուրքաբարո ազնվացումներ ունենար: Հասկանար, որ նման քայլերը կարող են և պատժվել միջազգային հանրության կողմից: Ապա և` ԱՄՆ-ին ահավոր դուր չի եկել ղարաբաղյան խնդրում իր դրսևորած վարք ու բարքը, և ինչ-որ պահի ինքը համարժեք պատասխան է ստանալու ոչ միայն Հայաստանից, այլև, հնարավոր է, արժանանա «պատժամիջոցների»` նույն ԱՄՆ-ի կողմից, և այն էլ նավթի գնանկման այս օրերին:
Բոլոր դեպքերում, եզրակացությունը մեկն է. եթե չհերքվեց ուղղաթիռը խոցողին պատժելու մասին լուրը, ավելին, եթե նոր մանրամասներ ի հայտ եկան, ինքնին նշանակում է, որ ղարաբաղյան խնդրում, իսկապես, ինչ-որ բան է «շարժվում», հասունանում, ինչն էլ իր հերթին այն աստիճանի է խախուտ դարձնում Ալիևի դիրքերը, որ սկսում է պատժել իր իսկ հրամանը կատարող անմեղսունակ «սլաքավարին»:
Որպեսզի ազատվի ավելի մե՞ծ պատժից…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ